Wednesday, October 5, 2011

Առաջին դասերս Խրոնինգենում


Կրթական համակարգի մասին մի քիչ անցնի, հետո կգրեմ: Հիմա ուզում եմ նկարով կիսվել:

Thursday, September 29, 2011

Սանայի սերը

Երբ թվում էր, որ աշխարհի բոլոր թեմաներն արդեն սպառել ենք, չգիտեմ ում գլխում միտք ծնվեց կիսվել սիրային պատմություններով: Տղաները միանգամից կարճ կապեցին, իսկ աղջիկները, որոնցից շատերը, ի դեպ, ընկեր ունեն, սկսեցին ռոմանտիկ մանրամասների մեջ խորանալ:

Բոլոր պատմություններն ինչ-որ ընդհանրություններ ու տարբերություններ ունեին, բայց բոլորիս զարմացրել էր պակիստանցի Սանայի սերը:

Պարզվում է` ընկերոջ հետ (որին ընկեր անվանել չէր սիրում) ծանոթացել է ինտերնետով: Վիրտուալ շփվել են երկար: Հետո մի անգամ տղան ամուսնության առաջարկ է արել: Սանան խառնվել է իրար, հազիվ է կարողացել մարսել նրա ասածները: Հետո արդեն ըստ մահմեդական ծիսակարգի ամեն ինչ արել են: Մնում էր Սանայի համաձայնությունը (ասում է` սովորաբար հակառակ հերթականությամբ է լինում): Սանան էլ որոշում է. չեմ պատասխանելու, մինչև իրական կյանքում չտեսնեմ:

- Ինչ հետաքրքիր է,- նկատում է Սանան,- սիրային պատմությունները պատմելիս բոլորը կարմրում են:
- Դու էլ,- ասում եմ, երբ հատուկ ինձ համար երրորդ անգամ պատմում է նույն պատմությունը ու եզրափակում նրանով, որ փետրվարին հավանաբար կամուսնանա, որովհետև գրեթե վստահ է, որ դրական պատասխան է տալու:

Երկու շաբաթ շարունակ Սանայի սերը քննարկման առարկա էր դարձել: Եվրոպացիները ոչ մի կերպ չէին հասկանում:
- Մեկի հետ ամուսնանալու համար պիտի տեսնես, շփվես, համբուրվես, սեքս անես: Էսպես ո՞նց է հնարավոր:
Ես հասկանում էի, բայց նույնը չէի անի.
- Լիովին հավանական եմ համարում օնլայն սերը, բայց ես էդ տիպից չեմ:

Սանայի փեսացուն պիտի սեպտեմբերի վերջին գալ: Բոլորս անհամբերությամբ սպասում էինք: Էդ ընթացքում Սանան դես գնաց, դեն գնաց, որ տղայի համար առանձին սենյակ ճարի, բայց էդպես էլ ոչինչ չգտավ: Նրանք էլ կրոնական շեֆերից դաբրոն ստացան. տղան պիտի Սանայի սենյակում քներ:

Եկավ էդ բաղձալի օրը: Բոլորս նույնքան անհամբեր էինք, որքան Սանան: Վերջինս առավոտից սենյակն էր կարգի բերում, էփում-թափում, իսկ մենք ուղղակի վայելում էինք քննությունից հետոյի ազատությունը:

Երեկոյան տուն ենք մտնում:
"Where is he?" Շշուկով հարցնում ենք իրար: Ով ցերեկը տանն էր եղել ու տեսել էր, ասում էին` բախտավոր է:

Սանան անհետանում է: Այն նույն Սանան, որը միշտ իրադարձությունների կենտրոնում է, որը եթե ներկա է լինում, ապա հնարավոր չէ` լռություն տիրի, որը շատախոս է ու անկաշկանդ: Նրան տեսնում ենք շատ հազվադեպ, բարի լույս ասում: Լուռ է:

Էսօր երեկոյան դարդոտ նստած էինք խոհանոցում. մեր խմբի կեսից շատն արդեն գնացել է: Մեկ էլ Սանան ու նրա փեսացուն հայտնվեցին: Սոված էին, պիտի ուտելու բան սարքեին: Ու մինչ տղան սոխը կտրտում էր, Միրենը Սանային շշուկով հարցրեց.
- Երջանի՞կ ես:
- Հա,- պատասխանեց,- շատ:

Monday, September 19, 2011

Ճ հնչյունի պատմությունը

Անցյալ շաբաթ, երբ հնչյունաբանության դասախոսը տակով-վրայով աշխարհի բոլոր հնչյունների վրայով անցավ, ճաշի ժամանակ համակուրսեցիներիս մոտ նեղված արտահայտվեցի.
- Բայց էսպես արդար չի. աշխարհի բոլոր հնչյուններից խոսեց, բայց հայերենի փախած հնչյուններին չանդրադարձավ: Օրինակ մենք ճ ունենք:
Իմ համակուրսեցի վաստակաշատ լեզվաբանները, որոնք ինձնից առնվազն չորս տարով ավելի, ոմանք նույնիսկ ավելի շատ լեզվաբանական կրթություն ու փորձ ունեին, վրա տվեցին.
- Դրա ի՞նչն ա տարօրինակ: Սովորական աֆրիկատ ա:
Ես էլ մանթո գլուխս կախեցի. դե որ լեզվաբանները տենց են ասում: Բայց դե ինձ պաշտպանելու մի վերջին փորձ արեցի.
- Օրինակ էն մարդիկ, ում մայրենին անգլերենն ա, չ-ն ու ճ-ն չեն տարբերում:
- Հա, հանգիստ, ես չտարբերեցի,- խոստովանեց նորզելանդացի Սոֆյան:

Բայց դե ես պիտի իմ ճ-ի մուռը հանեի, թե չէ հանգիստ տեղս չէի նստի:

Շաբաթ-կիրակի օրվա համար դասախոսը պատվիրել էր մեր մայրենի լեզուներում մինիմալ զույգեր գտնել, ասել կուզի բառեր, որոնք միայն մի հնչյունով են իրարից տարբերվում:

Հանուն ճ-ի մի պուճուր դաղալություն արեցի. ոչ թե մինիմալ զույգ գտա, այլ մոտ-մինիմալ, բայց հատուկ վերջին հնչյունն էնպես արտասանեցի, որ թ հնչի (հետո տ-թ-ի բազարի հավես չունեի, ճ-չ-ն հերիք էր): Ու էսօր հանդիսավոր արտասանեցի.
- Ճիթ, չիթ:
- Երևի ձայնավորի երկարությունն ա տարբեր, հա՞:
Ջան, ուզածիս հասնում եմ:
- Չէ, առաջին բաղաձայնը. ճ, չ:
- Բայց տարբերություն չկա: Որևէ մեկը լսու՞մ է տարբերությունը:
Ոչ ոք: Դե կերեք, ի՞նչ սովորական աֆրիկատ:
- Ո՞նց ես արտասանում. աֆրիկա՞տ ա, թե՞ բլաբլա (ու ստեղ հնչյունաբանական տերմին ա գնում, որը շաբաթ-կիրակի պարապելուց հետո գլուխս չէր մտել):
- Չգիտեմ,- մտքիս մեջ` ես ձեր նման վաստակաշատ լեզվաբան չեմ:

Էնքան ասեցի, մինչև դասախոսը ճ-ին մոտ մի բան կարողացավ արտաբերել: Էնքան երկար ճ-ն տանջեց, որ մնացած մինիմալ զույգերիս մոռացավ անդրադառնալ: Ես դեռ էնտեղ ծ-եր, ձ-եր ու ք-փ-բ-եր ու էլի լիքը բաներ ունեի:

Սրանից հետո մեր ճ-ին բան ասող ա էղել, էնքան եմ տանջելու, մինչև արտասանել սովորի:

Քերոյի ծննդյան օրը

Երբ առաջին կուրս էի, լավ եմ հիշում` խմբում առաջինը Ալիկի ծնունդը շնորհավորեցինք: Իրար համարյա չէինք ճանաչում, նոր-նոր ուսանող էինք դարձել, ու պարզվում է` սեպտեմբերի 19-ին Ալիկի ծննդյան օրն է: Նվեր ենք առնում: Փղիկ էր: Չեմ հիշում` ում միտքն էր, բայց Ալիկը ծաղրեց նվերը: Տարիներ անց մենք էլ էինք ծիծաղում ինքներս մեզ վրա, որ տղային փղիկ ենք նվիրել: Ալիկն էլ էն ջրիկ տղաներից էր, որ ամեն առիթով կատակ էր անում, աղջիկներն էլ ծիծաղից հալվում էին: Հետո ֆակուլտետը փոխեց, գնաց ստոմ, էլ չիմացանք` ինչ էղավ:

Հենց էդ ժամանակվանից ավանդույթ դարձավ բոլորի ծնունդին ինչ-որ նվեր տալը: Էդ մի հոգուց թաքուն միշտ կհավաքվեինք, կփսփսային` ի՞նչ անենք, ինչքա՞ն հավաքենք: Ու էդպես առաջին-երկրորդ կուրսերում: Երրորդում խմբերը խառնվեցին իրար, արդեն հավես չկար հետևելու, թե ով երբ է ծնվել: Իսկ ավելի ուշ արդեն խմբում մարդ ա իր մտերիմին առանձին նվեր էր անում:

Մենք մեր էս կուրսով հավաքվել ենք ընդամենը երեք շաբաթ առաջ: Առաջինը քենիացի սևամորթուհի Քերոյի ծնունդն էր` սեպտեմբերի 19-ին: Որևէ բան կազմակերպելը դժվար չէր. մենք բոլորս Բեռլինում էինք ապրում, Քերոն` Պոտսդամում, հետևաբար առանձին քննարկելու լիքը հնարավորություններ կային: Քերոն մեզնից շուտ էլ դասի է հասնում. դիմացի շենքում է ապրում:

Երբ էսօր գնացքի կայարանից տորթ գնեցինք, իսկ համալսարանի կայարանում արագ-արագ ոտքի վրա բացիկն էինք գրում, շատ լավ գիտեինք, որ երբ հասնենք, Քերոն արդեն լսարանում է լինելու:

Միջանցքում էլի փսփսում ենք: Հա, Քերոն էնտեղ է: Մի քանիսն էլ, որ շուտ էին հասել: Մեկ էլ երգելով մտնում ենք, տորթը տալիս: Քերոն հուզվում է: Ափերով դեմքը փակում է, որ արցունքները չտեսնենք:

Դասերից հետո վերցնում ենք Քերոյին, գնում խմելու: Մի երկու ժամ միասին նստում ենք, խմում, տորթը ուտում, շարժվում դեպի տուն. պարապելու լիքը բան ունենք:

Քերոն հուզված է.
- Մենք երբեք էսպես չենք նշում ծնունդները: Ուղղակի ասում ենք շնորհավոր ու վերջ:

Քերոն չգիտի, որ մենք էլ սովորաբար էդպես չենք նշում:

Friday, September 16, 2011

Շուա հնչյունի մասին

Էսօր հնչյունաբանության դասին լիքը քննարկեցինք շուա հնչյունը, նույն ինքը` մեզ շատ ծանոթ ը-ն (նաև` [ə]): Թեման ծավալվեց նրանից, որ դասախոսը պնդեց, որ շատ յուրահատուկ հնչյուն է, տարբեր լեզուներ մտնում է որոշ հարցեր հեշտացնելու համար և այլն: Դրանից հետո էրեխեքից մեկի մոտ հարց ծագեց.
- Բոլոր լեզուներն ունե՞ն շուա:

Էստեղ դասախոսը երկար խոսեց, վերջում պատասխանեց, որ ապահովության համար պետք է ասել` ոչ: Քանի որ հարց տվողը բասկ էր, հետևաբար նաև տիրապետում էր իսպաներենին, շարունակեց.
- Օրինակ իսպաներենում ոնց որ չկա:
- Ճիշտ ես, իսպաներենը շուա չունեցող լեզվի շատ լավ օրինակ է: Որևէ մեկը կարո՞ղ է ասել ինչու:
Մեկն ասեց: Դասախոսը կրկնեց` գրատախտակին նկարելով ձայնավորների եռանկյունին, որը որպես երկրաչափական պատկեր սեղան է, բայց դե լեզվաբանների համար հավանաբար տարբերություն չկա: Հետո բացատրեց.
- Իսպաներենում հինգ ձայնավոր կա, որոնք եռանկյունու ծայրերում են, իսկ շուան գտնվում է մեջտեղում: Եթե դա լիներ, առկա ձայնավորների հնչեղությունը կկորեր:
Էստեղ ջղայնացա.
- Իսկ հայերե՞նը: Հայերենում ինչու՞ շուա կա: Մենք ունենք վեց ձայնավոր` իսպաներենի հինգն ու շուա:
Դասախոսը նեղն ընկավ.
- Երևի ձեզ մոտ, ինչպես օրինակ սերբերենում, արագ արտասանելիս է էդ հնչյունն առաջանում, այսինքն` ալոֆոն է:
- Ի՞նչ ալոֆոն: Էդ հնչյունը մեր լեզվում պաշտոնապես կա: Նույնիսկ հատուկ տառ ունենք այն արտահայտելու համար: Օգտագործվում է նաև որպես որոշյալ հոդ:
Էլ կրուտիտի տեղ չկար.
- Դե բացառություններ լինում են:

Ուրեմն հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոց անունով մեկն էդքան քթի ծակ ունենար, հայերենում շուա հնչյունի համար, որը երևի էդ անունը չուներ էն ժամանակ, առանձին տառ հորիներ, դպրոցում դասատուները մեզ ճղվեին բացատրելով, որ եթե վանկի մեջ ձայնավոր չկա, ուրեմն ը պիտի գրվի, որ դասախոսը կանգնի ու ասի հայերենում շուան ալոֆո՞ն ա: Չէ, էս հնչյունաբանությունն էլ գիտություն չի, կրուտիտ ա, իսկ մեզնից փաստորեն աշխարհում խաբար չեն: Լավ չի, հեչ լավ չի:

Հ.Գ. Վիքիպեդիայով զբաղվողներին խնդրում եմ էս էջը նայել:

Monday, September 12, 2011

Լեզվաբանության մասին

Սկզբում ամեն ինչ հավես էր. լեզվաբանությունը լրիվ տրամաբանություն է, մաթեմատիկա, ենթարկվում է ճշգրիտ կանոնների: Դասախոսը բացատրում էր, որ մեր ուղեղում ճիշտ այնպես է, ինչպես ծառերում, ու Չոմսկին ձգտել է ստեղծել մի սխեմա, որը համընդհանուր կլինի բոլոր լեզուների համար: Նորածնի ուղեղում դատարկ վանդակներ են, որոնք լցվում են նրա առաջին սովորած լեզվով:

Հետո պարզում ես, որ էդ սխեմաներն էնքան էլ համընդհանուր չեն բոլոր լեզուների համար, ու հարց է առաջանում. որքանո՞վ են դրանք ճշգրիտ: Ո՞րն է դրանց կենսաբանական հիմքը: Ապացույց կա՞ արդյոք, որ ուղեղում իսկապես գոյություն ունեն այդ քիմիական կառուցվածքները, որոնք փոփոխության են ենթարկվում, երբ երեխան սկսում է խոսել:

Իսկ էսօր արդեն դասախոսը բացատրում էր համընդհանուր կանոններից շեղումների մասին ու դրանց բացատրությունները: Անկեղծ ասած, ոչինչ չհասկացա, բայց ահավոր հիասթափվեցի էս ամեն ինչից. տպավորություն է, որ Չոմսկին սկզբում փորձել է համընդհանուր տեսություն ստեղծել: Հետո նկատել է, որ ոչ ամեն ինչն է ենթարկվում դրան: Անունները դրել է բացառություններ, ստիպված բացատրություններ հորինել դրանց համար:

Չէ, ես չափից շատ բժիշկ եմ էս ամեն ինչը հալած յուղի տեղ ընդունելու համար:

Friday, September 9, 2011

Մի քիչ դասերից կամ գլուխգովանություն

Էս մեր ուսումնական ծրագրի առաջին ամսվա նպատակն է բոլորիս մի մակարդակի հասցնելը, հետո սկսել առաջին կիսամյակը: Բնական բան է. մեր կուրսում կան լեզվաբաններ (ընդ որում` ամենատարբեր տեսակի), հոգեբաններ (էլի բազմազան), դե մեկ էլ ես բժիշկ հալովս: Բոլորս տարբեր կրթություն ու գիտելիքներ ունենք: Դրա համար պետք է մի ծրագիր, որտեղ բոլորիս կհավասարացնեն: Էս ամիսն էլ հենց դրա համար է:

Անցնելու ենք երեք առարկա` լեզվաբանություն, կլինիկական լեզվաբանության ներածություն, վիճակագրություն: Վերջում էլ քննություն ենք տալու: Էս առարկաներից առաջինն ամսվա մեծ մասն է կազմում, իսկ կուրսեցիներիս ճնշող մեծամասնությունը կամ լեզվաբաններ են, կամ էլ լեզվաբանություն անցել են: Ես էլ սաղ օրը նվնվում եմ, թե` կտրվելու եմ քննությունից, էդ սաղ ինձ համար նոր ա: Նեյրոհոգեբան Միլային էլ բռնացրել եմ, ասում եմ` երկուսով ենք տառապելու:

Չորեքշաբթի օրվանից սկսվեցին լեզվաբանության դասերը, ու պարզվեց, որ էնքան էլ ներածություն չէր, ինչքան դասախոսը նախապես ասել էր: Երկրորդ օրը պարզ դարձավ, որ դա իսկական մարտահրավեր է նաև լեզվաբանների և լեզվաբանություն անցածների համար: Իսկ դասի վերջում դասախոսն ինձ կանչեց գրատախտակի մոտ մի կոնկրետ բարդ ստորադասական նախադասության սինտակտիկ ծառը նկարելու: Ես էլ բանից բեխաբար արագ-արագ արեցի: Դու մի ասա` կուրսեցիներս շշմել էին: Մի մասը չէր հավատում, որ նախկինում լեզվաբանություն չեմ անցել, իսկ մյուսները թե` ո՞նց ես էսքան շուտ հասկացել, մեզ կօգնե՞ս տնայիններն անելիս:

Նենց հավես մեջս ուռեցի: Մտածեցի` բա իմ հայկական ուղեղին մի աչքո՞վ եք նայում, բա ու՞մ թոռն եմ, որ չհասկանամ:

Էսօր էլ կլինիկական լեզվաբանության ներածությունն էր: Դասախոսը սկսեց.
- Գլխուղեղը երկու կիսագունդ ունի` աջ և ձախ: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է չորս բլթից. ճակատային, գագաթային, ծոծրակային, քունքային... Կրկնեք...

Ու ստեղ քիչ էր մնում ծիծաղից մեռնեի: